Նախընտրական քարոզչության ավարտական փուլում քաղաքական ուժերը կա՛մ իրենց խոստումներն են «քաղցրացնում», կա՛մ որակումներ տալիս մրցակից կուսակցություններին: Ոչ մեկը, կարծես, ուշադրության չի էլ արժանացնում կուսակցությունների նախընտրական ծրագրերը, քանի որ բոլորն էլ համոզված են, որ իրականում դրանք կարդացողների թիվը ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Այսօրվա ընդդիմադիր մեր զրուցակիցը, ՍԴՀԿ-ի և ՀԱԿ-ի անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, պարզվեց` բավականին մանրակրկիտ ուսումնասիրել է ՀՀԿ-ի ոչ միայն այս ընտրությունների, այլև 2008-ի նախագահական ընտրություններին ներկայացված նախընտրական ծրագրերը, որոնց առնչությամբ իր դիտարկումներն արեց մեզ հետ զրույցի ընթացքում:
-Քարոզարշավի ավարտին քիչ ժամանակ է մնացել: Ինչպե՞ս ՀԱԿ-ի համար այն ընթացավ, մարզային հանդիպումներն ինչո՞ւ էին այդքան սակավամարդ:
-Պատկերացրեք Օսվենցիմը կամ Դախաուն` ուղղաթիռից: Համակենտրոնացման ճամբարում ելույթ ունենալը, նրա խամաճիկների մասին խոսելը խաղ ու պար չէ: Մինչև մեր գնալը նրանք մանրակրկիտ աշխատանք են տանում մարզերում, քաղաքներում, որպեսզի մեր հանդիպումները բազմահազարանոց չլինեն: Հայերին էլ Աստված տվել - չի խնայել, աշխատում են տիրոջը չզայրացնել, չվնասել: Մեկն իր քրոջ որդու աշխատանքն է պահպանում, մյուսը՝ ամուսնու, չորրորդն ու հինգերորդը՝ իրենց բարեկամի, ծանոթի: Մեր ցանկացած հանրահավաքի ժամանակ տեսախցիկ է աշխատում: Մարդիկ վախենում են: Իսկ Սերժ Սարգսյանը, ենթադրենք, հանդիպելու է էրեբունցիների հետ: Հիվանդանոցի սանիտարի համար ամեն ինչ կավարտվի պատճառահետևանքային կապով, եթե չմասնակցի: Հավաքում են դպրոցի յոթերորդ դասարանցիներից սկսած, մանկապարտեզի դաստիարակչուհիներին, իհարկե, չեմ կարող ասել՝ մանկամսուրի երեխաներին: Ահա և ստացվում են իշխանության` բազմահազարանոց, մեր` սակավամարդ հանդիպումները:
-Հոգեբանական խնդի՞ր է լուծվում:
-Այո, ցանկանում են զարգացնել մի միտք՝ տեսեք, ժողովուրդը նրանց հետ չէ, այլ մեր: Բայց այս ամենը զզվելի է: Երբ տեսնում եմ սպիտակ լաթերը, վրան գրած` ՀՀԿ, սոված մարդկանց ձեռքին կամ պճնված կանանց, որոնք չորս նախադասություն ասելու ունակ չեն։
-Դուք մեծամասնականով առաջադրված եք թիվ 27 ընտրատարածքում, ու Ձեր մրցակիցը ՀՀԿ-ական է: Ի՞նչ «զենք» ունեք նրա դեմ:
-Ամենափոքրիկ գյուղերում անգամ երկուսը երեք մետրի վրա չորսից հինգ նկար կա, իսկ Նոր Հաճնում` 40-ից ավելի:
-Փաստորեն, փողի՞ դեմ եք պայքարում:
-Եթե միայն այդքան գումար նկարների վրա է դրված, մնացածն էլ պատկերացրեք: Այս ընտրատարածքի ցանկացած գյուղ մտնես, այն տպավորությունն է, որ մոտենում եք Մյունխեն քաղաքին, 1931 թվականն է, ու ամեն տեղ փակցված է Ադոլֆ Հիտլերի նկարը, կամ պատերազմից հետո խորհրդային գյուղերում փակցված Ստալինի դիմանկարը: Բայց Ստալինը պատերազմում հաղթել ու մարդկությանը փրկել էր ֆաշիզմից, էս տղան ումի՞ց է փրկել: Այդ տղան ժամանակին եղել է ՀՀՇ-ական, հետո ԲՀԿ-ական, էս ութ ամիս է` ցեղակրոն հայ է, դավանանքը՝ նժդեհիզմ:
-Եթե ընդդիմությունն ունենար իշխանության ֆինանսները, նույն կերպ չէ՞ր վարվի:
-Ընդհանրապես, քարոզչությունը որոշակի ծախսեր է ենթադրում: Եթե մենք իշխանություն էլ լինեինք, կարիք չէինք ունենա մարդ բերելու, որովհետև այդ մարդիկ իրենք կգային: Սովածն իր հարստահարողին ձայն չի տա ու հանրահավաքին չի գնա: Խնդիրն այն չէ, որ մենք շատ լավն ենք, իրենք՝ վատը, մենք՝ գրագետ, իրենք՝ անգրագետ, մենք գեղեցիկ ենք ու բարձրահասակ, իրենք՝ գաճաճ ու տգեղ: Խնդիրը հայ ժողովրդի սոցիալական վիճակն է: Չորս տարի առաջ ժողովրդին խաբել են, ծրագրային 14 կետ են հրապարակել, այսօր կարող ենք փաստել, որ դա ծայրից ծայր խաբեություն է: Վերցրեք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի «Մեր արժեքները» դրույթը, որտեղ պարզ նկատվում է նեոֆաշիզմը: Գրագողություն են արել Նիցշեից՝ խառնելով ցեղակրոնության պատմությունները, որոնք կարդալուց հետո մարդ պիտի անմիջապես մտածի հոգեբույժի միջնորդության մասին: Զորօրինակ, «Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է»: Ոչ մի ցածրավանդակ չի կարող լինել հայության բնօրրան, որովհետև «բարձր» բառից է: «Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետևապես, մեր և Աստծո միջև հարատև կապն ապահովում է հայի տեսակը՝ հավիտենականացվելու ճանապարհով»: Ո՞րն է սրա միտքը: «Այս ելակետն ունենալով, ՀՀԿ-ն մեր պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջաններն արժևորում է ազգայինի առաջնության սկզբունքով»: Սրա անունն իդիոտիզմ է: Եվ այլն, և այլն:
-Ի՞նչ եք կարծում, շարքային քաղաքացին կարդո՞ւմ է կուսակցությունների ծրագրերը:
-Ցավոք, ո՛չ: Ավելին ասեմ, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում գրված էր. «Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն»: Հիմա, բացի օլիգարխների ընտանիքներից, ո՞ր մեկի երեխան կարող է ամուսնանալ և բնակարան ու մեքենա ձեռք բերելու հնարավորություն ունենալ: Սա ժողովրդին ձեռ առնել է նշանակում: Այդ ծրագրային դրույթներից և ոչ մեկը կատարված չէ: «Հայկական ընտանիքների եկամուտները կկրկնապատկվեն»: Հայաստանում ապրում է ավելի քան 22 ազգ, իսկ ուզբեկ, թաթար, հույն, ասորի ընտանիքների եկամուտները չպիտի՞ կրկնապատկվեն: Քարոզվում է նացիոնալ-սոցիալիզմ, ֆաշիզմ: Եվ ամենավատն այն է, որ այս ամենը տպագրված է, ինչն ամենամեծ զավեշտն է: Սա անպատասխանատու ծրագիր է:
-Ընդդիմությունը խոստումներ չի՞ տալիս:
-Ոչ: Այն, ինչ ասում է, կատարելու է:
-Դուք էլ ասում եք` միջին աշխատավարձը կհասցնեք 100 հազարի: Ինչպե՞ս:
-Այդ ամենը հաշվարկված է: Երբ իրենց մի քիչ սխտորաջուր տանք, որ ախորժակները փակվեն, բյուջեն անմիջապես կլցվի:
Զրույցը վարեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ